ԻՆՉՈՒ՞ ԱՊՐԵԼ ԵՎ ԱՇԽԱՏԵԼ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԿԱՄ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՍԻՐԵԼՈՒ 10 ՊԱՏՃԱՌ
ըստ visitstepanavan.am կայքի

Պուշկինի լեռնանցքից սկիզբ առնող ոլորանները Ստեփանավան են տանում: Մի նոր աշխարհ է սկսվում թունելից այս կողմ, որ ամեն տարվա եղանակին յուրահատուկ է. սաղարթախիտ ծառերը, մինչև Գարգառ, Ստեփանավան եկողներին հեքիաթային աշխարհ են տեղափոխում:
Եթե մտնես քաղաք ու տեղացիներին հարցնես, թե ինչն է քաղաքը գրավիչ դարձնում, հազար ու մի բան կնշեն, հետո էլ տուն կհրավիրեն, սուփրա-սեղան կբացեն ու զրույցն արդեն սեղանի շուրջ կշարունակվի: Ու երբ ամփոփես ու ընդհանրական ներկայացնես Ստեփանավան այցելելու, Ստեփանավանը սիրելու պատճառները, այսպիսի պատկեր կստացվի.
- Օդը մաքուր է. Ստեփանավանը շրջապատված է անտառներով. ամառը զով է, ձմեռը՝ մեղմ:
- Ոտքով կարող ես 10 րոպեում քաղաքի մի ծայրից մյուսը հասնել:
- Քաղաքը շատ հարմար է հեծանվով երթևեկելու համար:
- Աղմուկ չկա, նստի՛ր, աշխատիր (ֆրիլանս) և վայելի՛ր բնությունը:
- Նախընտրո՞ւմ ես արկածային, մշակութային, ագրո- և էկոտուրիզմը, դարձյալ բոլոր նախադրյալներն այստեղ կան, պարզապես վերցրո՛ւ վրանդ ու շտապի՛ր Ստեփանավան: Ձորագետի կիրճն ու Ստեփանավանի Լոռէ էքստրիմ պարկը քեզ են սպասում:
- Ստեփանավանը գտնվում է Մ3 միջպետական ճանապարհին, ինչը նշանակում է, որ տնից դուրս գալով՝ կարող ես հասնել Վրաստան, Ռուսաստան, Իրան և այլուր:
- Մարդիկ այստեղ բարի են, պատրաստակամ՝ օգնելու, և ագրեսիայի նշույլ չես հայտնաբերի:
- Անմիջապես արտադրողից ձեռք բեր էկոլոգիապես մաքուր մթերք՝ ձու, պանիր, կաթ ու մսամթերք և առո՛ղջ սնվիր:
- Եթե ուզում ես բիզնես սկսել, խնդրեմ, այստեղ ծառայությունների բարելավման պակաս կա:
- Ստեփանավանը Սոս Սարգսյանի քաղաքն է, և Վարպետն իր անունը կրող փողոցում հայացքն անհունին՝ հետևում է քաղաքի անցուդարձին:
Արի՛ Ստեփանավան, արի՛ միասին բացահայտենք փոքրիկ քաղաքի մեծ առավելությունները: